Արսեն Թորոսյանն անդրադարձավ ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործին
ՀասարակությունԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործին՝ նշելով, որ իր գլխավորած գերատեսչությունը լիազորությունների շրջանակներում կանոնակարգում է ծննդօգնության ծառայությունների մատուցումը։
«Իհարկե, դրա մեջ նաև ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները։ Նաև հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դին։ Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե ամեն ինչ պարզ լինի, թե ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ և թե նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ գործի շրջանակում կան դրվագներ, որ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին։
«Մենք նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնենք»,- նշեց նա։
Խոսելով երեխաների ապօրինի որդեգրումների հետ կապված կազմակերպված բուրգի առկայության մասին՝ նախարարն ասաց, որ դրա շուրջ շատ է խոսվել, բազմաթիվ մարդիկ են ներգրավված եղել ըստ քրեական գործի նյութերի, և պետք է սպասել քննչական մարմինների գործողություններին: