Ոնց որ ջունգլիներում լինենք, մարդու հետ վերաբերմունք չկա. ավտոներկրողը՝ Գյումրիի մաքսատան մասին
ՀասարակությունՄոտ 28 ժամ հերթ եմ կանգնել, մաքսազերծման ժամանակը լրացավ դեկտեմբերի 28–ին, ինչից հետո նոր մեր հերթը հասավ ու հիմա մեզ տուգանում են, ամեն մեքենայի համար 100 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրիի մաքսատուն եկած ավտոներկրողներից մեկը։
Նրա խոսքով՝ մաքսատան մեղքով ստեղծված խնդրի պատճառով տուժել են ավտոներկրողները. «2 մեքենայի դեպքում տուգանվում եմ 200 հազար դրամ, ոչ մի մարդկային մոտեցում չեն ցուցաբերում։ Օրուկես հերթ եմ կանգնել, գիշերով մնացել, ու ապարդյուն։ Դիմում եմ ներկայացրել մաքսատան վարչության պետին, սակայն ոչ մի դրական պատասխան չեմ ստացել, ասում է հիմա այդպես է, ոչ մի համոզիչ պատասխան չեն տալիս։ Հիմա ստիպված պետք է գնամ վճարեմ, թե չէ իրենց անձնակազմի ասելով, եթե չվճարեմ, մնալու է 2020 թվականին եւ տասնապատիկ ավելի մաքսազերծման գումար վճարեմ»։