Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ
ՀասարակությունԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։