Սև ուրբաթ. Գնորդի համար շահեկան առևտուր, թե՞ ճիշտ մարքեթինգ
ՀասարակությունԵրևանում նույնպես «Սև ուրբաթ» էր հայտարարված:
Past.am-ի աշխատակիցը նույնպես շրջեց խանութներում, պարզելու ինչպիսի՞ն են կարծիքները` մարդկանց սպասումները որքանով է արդարանում:
Մինչ այդ ասենք, որ «Սև ուրբաթ» հասկացությունը սկիզբ է առել ԱՄՆ-ում, դեռևս 1966թ-ից, դրանով արտահայտվում էր «գոհունակության տոնի ուրբաթ օրը» ու այդպես սկսվում էին ամանորի տոնական զեղչերը: Հիմնականում «սև ուրբաթը» համընկնում է նոյեմբերի 23-30 ընկած ժամանակահատվածում, այն չի համարվում ավանդական տոն, սակայն առևտրի այդ ձևը սիրելի է դարձել ու մեծ արագությամբ տարածվել աշխարհով մեկ, հասնելով Երևան:
«Սև ուրբաթ» հայտարարած խանութները բացվում են լուսադիմին ու գործում մեկից մինչև մի քանի օր: Այդ օրերին կարելի է հանդիպել 50-ից 90 տոկոս զեղչերի: Այս տարի Երևանում բազմաթիվ ընկերություններ, որոնք կապ ունեին առևտրի հետ նույնպես միացել էին «Սև ուրբաթին»:
Օրինակ բանկերից մեկը առցանց գնումները քարտերով ավելի գրավիչ դարձնելու համար հանդես էր գալիս լոյալության ակցիայով:
Ակցիաների ու «սև ուրբաթի» անվան տակ ինչպես են գումար վաստակում մեծածախ առևտրի ու մոլերի սեփականատերերը, ինչպես են զեղչերով գայթակղում գնորդներին փորձեցինք հարցնել խանութից օգտվող հաճախորդներից:
Արմինե Հայրապետյան 23 տարեկան. Կարծում եմ սա առևտրի մի ձև է, որին սպասում են խանութի տերերը և այն ապրանքները, որոնք չեն վաճառվել սեզոնին ու չեն արդարացրել իրենց ծախսը, հիմա առիթ է ինքնարժեքով վաճառելու, պահեստները կուտակումներից մաքրելու համար:
Բարսեղյան Արտակ 27 տարեկան. Կոշիկ եմ առել: Լավ էլ էժան էր` 30 տոկոս զեղչ: Մի քանի օր առաջ ուրիշ գին էի տեսել:
Մելսիդա Հարությունյան 56 տարեկան. Թոռանս համար շորիկ եմ գնել: Օրեր առաջ ինքն էր տեսել, հավանել, այսօր եկա գնեցի, որ անակնկալ անեմ:
Մնում է հավատալ տեխնիկա, հագուստ, կոշիկ վաճառող երևանյան խանութները արդյոք իրականում պատրաստ էին զեղչեր անելուն, թե «Սև ուրբաթը» ևս մեկ առիթ էր, որպեսզի հին ապրանքից ազատվեին նորը ներկրելու համար: