Երեկ դեմ էին, այսօր՝ կողմ. ինչո՞ւ է Փաշինյանը հակասում ինքն իրեն
Ուշադրության կենտրոնումԸնդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը հաճախ էին թիրախավորում Հանրապետական իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ պնդելով, որ այդ քաղաքականության հիմքում չկա տեսլական: Փաշինյանը այն ժամանակ հայտարարում էր, որ օր առաջ անհրաժեշտ է դուրս գալ ԵԱՏՄ կազմից, քանի որ այս կառույցը չարիք է Հայաստանի տնտեսության համար: Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը ոչ միայն մոռացավ իր այս պնդումները, այլ մի բան էլ քարոզում է ԵԱՏՄ հետ առավել համապարփակ և խորքային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին: Չենք կարող ասել, թե որն է Փաշինյանի նման կտրուկ հավատափոխման պատճառը, այն, որ արևմուտքը այդպես էլ չաջակցեց նրա իշխանությանը և Փաշինյանը ստիպված էր կրկին հայացքը ուղղել դեպի ԵԱՏՄ, թե այն, որ ժամանակին ԵԱՏՄ-ից դուրս գալը ընդդիմության կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ էր:
Ընդդիմադիր Փաշինյանը հանրապետականներից պահանջում էր նաև ձեռք չտալ գույքահարկին՝ պնդելով, որ գույքահարկի ավելացումը սոցիալական անարդարության վառ դրսևորում կլինի: Այն ժամանակ դա սոցիալական անարդարության դրսևորում էր, սակայն այսօր արդեն ճիշտ տնտեսական ռազմավարության գործիք, որը կառավարությունը արդեն իսկ կիրառել է: Փաշինյանին և իր թիմին սոցիալական արդարությունը չէ, որ այսօր հետաքրքրում է, այլ բյուջեն լցնելու ցանկությունը և այդ ճանապարհին վերջինս, կարծես թե, պատրաստ է անցնել նախկինում իր կողմից արված բոլոր հրապարակային հայտարարությունների վրայով:
Հանրապետականին նա մեղադրում էր ներդրումների դանդաղ տեմպերի մեջ՝ պատճառաբանելով դա կոռուպցիայի բարձր մակարդակով: Ինչ խոսք, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել այս պնդումը, սակայն ներդրումների տեմպերը հեղափոխությունից հետո ավելի են նվազել, քան Փաշինյանի քննադատության շրջանում էր, և ո՞վ է այսօր մեղավոր՝ ՀՀԿ-ն, թե այն, որ ՀՀԿ կառուցած տնտեսությունը դեռ արդիական է և շարունակում է աշխատել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տնտեսության կառուցվածքը փոխելու բոլոր խոստումները նույնպես գրվել են սառույցին…