«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
ՄիջազգայինՏեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում եւ իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ։
Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով եւ տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական եւ գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:
Ակնկալվում է, որ նախարարական կլոր սեղան- քննարկման ավարտին բոլոր երկրների նախարարները կստորագրեն արձանագրություն, որտեղ կամրագրվի երկրների պատրաստակամությունը՝ մշակելու եւ գործարկելու արդյունավետ քաղաքականություն եւ գործիքներ՝ խթանելու տեխնոլոգիական փոխակերպումը՝ ի նպաստ կայուն եւ ներառական տնտեսական զարգացման:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: