Սուդանի տապալված նախագահին մեղադրել են միլիոնների անօրինական յուրացման եւ օգտագործման մեջ
ՄիջազգայինՍուդանի տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրին այսօր դատարանում մեղադրանք են առաջադրել արտասահմանյան հիմնադրամներից միջոցների անօրինական յուրացման եւ օգտագործման համար, հաղորդում է AFP-ը:
Գործակալությունը նշում է, որ եթե մեղադրանքներն ապացուցվեն, Բաշիրին կարող է մի քանի տասնյակ տարվա ազատազրկում սպառնալ:
Դատարանում հայտնել են, որ իշխանությունները Բաշիրի տանը 6,9 մլն եվրո, 351 770 դոլար եւ 5,7 մլն սուդանական ֆունտ են առգրավել, որոնք նա անօրինական ճանապարհով յուրացրել եւ օգտագործել է:
Ինքը՝ Բաշիրը, առաջին անգամ խոսել է դատարանում՝ հայտարարելով, որ առգրավված միջոցները՝ 25 մլն դոլար, նա ստացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնից:
Նախկին նախագահի խոսքով՝ իր գրասենյակ զանգել են թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի գրասենյակից եւ հայտնել, որ արքայազնը «ուղերձ ունի, որը կուղարկվի մասնավոր ինքնաթիռով», քանի որ արքայազնը չի ցանկացել նշել իր անունը:
Բաշիրը չի ասել, թե կոնկրետ երբ է ստացել այդ գումարը, սակայն նշել է, որ նշված միջոցները եղել են Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական հարաբերությունների մի մասը:
Նախկին նախագահը նշել է, որ այդ գումարն ինքն օգտագործել է ոչ թե անձնական նպատակներով, այլ տրամադրել է մասնավոր անձանց եւ կազմակերպություններին, ներառյալ՝ ցորենի ներմուծման ընկերություններ, համալսարան եւ հիվանդանոց: