Պակիստանի վարչապետը երկրի բնակիչներին կոչ է արել միանալ զանգվածային ցույցերին Քաշմիրի առիթով
ՄիջազգայինՊակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ է արել երկրի բնակիչներին միանալ զանգվածային ցույցերին Քաշմիրում Դելիի գործողությունների դեմ, տեղեկացնում է AFP-ն։
«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր պակիստանցիները վաղը ժամը 12-12.30-ը դուրս գան ցուցադրելու իրենց համերաշխությունը Քաշմիրի ժողովրդի հետ»,- գրել է Խանը Թվիթերում՝ ավելացնելով. «Մենք պետք է Քաշմիր ուղարկենք հզոր ազդանշան այն մասին, որ մեր ազգը վճռականորեն աջակցում է նրանց»։
Բողոքներին միանալու կոչը կրկնել է Խանի ավելի վաղ արված պահանջներն այն մասին, որ պակիստանցիները սկսեն ամենշաբաթյա համազգային հանրահավաքներ անցկացնել, մինչեւ որ վարչապետն ուղեւորվի ՄԱԿ Գլխավոր վեհաժողով, որտեղ մտադիր է հանդես գալ որպես բոլոր քաշմիրցիների դեսպան։
Իսլամաբադի եւ Դելիի լարված հարաբերությունները մի քանի շաբաթվա ընթացքում խորացել են այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փորձել է զրոյացնել Քաշմիրի հատուկ կարգավիճակը։
Անկախության ձեռքբերման պահից Քաշմիրը բաժանվել է երկու երկրների միջեւ եւ դարձել երկու խոշոր պատերազմների կայծ եւ առաջ բերել բազմաթիվ բախումներ։ Փետրվարին հարեւան երկրները նորից մոտեցել էին խոշոր կոնֆլիկտի այն բանից հետո, երբ Պակիստանի գրոհայինների խումբը ահաբեկչություն էր իրականացրել Քաշմիրում։
Խանի կոչերը հնչել են այն ժամանակ, երբ պակիստանցի զինվորականները հինգշաբթի հայտարարել են «ցամաք-ցամաք» բալիստիկ հրթիռների փորձարկման մասին։ Բանակի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այդ զենքը «կարող է տեղ հասցնել տարբեր տեսակի մարտագլխիկներ»։