Մատենադարանի հարեւանությամբ 3 հաստաբուն բարդի են կտրել
ՀասարակությունԵրեւանում՝ Մատենադարանի հարեւանությամբ գտնվող Մաշտոցի 49 շենքի ճակատային հատվածում, այսօր՝ հունիսի 24-ին, 3 հաստաբուն բարդի են կտրել: Գործողությունն իրականացրել են «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցները քաղաքապետարանի հրամանով:
Շենքի բնակիչ եւ լիազոր Հասմիկ Մարկոսյանի խոսքով՝ դեռ 4 տարի առաջ դիմել են քաղաքապետարան, որպեսզի ծառերը հանվեն, բայց , քանի որ կանաչ ճյուղեր են եղել, միայն խորը էտ են իրականացվել:
«Կենտրոն կանաչապատում»–ի ծառերի ձեւավորման եւ էտման բաժնի պետ Լեւոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարածքում արդեն 2 ծառ հանվել է, այսօր եւս 3 բարդի հանվեց:
«Արծաթափայլ բարդու ծառեր են, սովորաբար 35-40 տարի են ապրում, բայց այս ծառերը 40-ից ավելի են: Երեք ծառերի մոտ էլ բացակայում է արմատային համակարգը, լրիվ չոր վիճակում են, ընդամենը 1-2 կանաչ ճյուղ է մնացել: Ինչպես ժողովուրդն է ասում, իրենց դարն ապրել են»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հրդեհի առաջացման վարկած կա, որ ինչ–որ մեկը ծխախոտը չհանգցրած վիճակում նետել է ծառի բնի մեջ: