«Հյուսիս-հարավ»-ը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցութունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել ու ընդարձակել եղած գործընկերային հարաբերությունները։
Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱԶԲ-ի հետ հաջողությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, բևեռային քաղաքների զարգացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության և մի շարք այլ հեռանկարային նախագծերի կարևորությունը Հայաստանի համար և արձանագրել, որ իրենց ռազմավարական նշանակությամբ դրանք ուրվագծում են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման տեսլականը։ «Համալիր ազդեցության տեսանկյունից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ այն առանցքը, որը երկրորդային քաղաքների համար կծառայի տնտեսական սնուցման աղբյուր»,- ամփոփել է նախարարը։
Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախարար Պապիկյանի տեսլականը Շեյն Ռոզենթալը համահունչ է որակել ԱԶԲ-ի սկզբունքներին և վստահեցրել, որ բանկը պատրաստակամ է շարունակել նոր սերնդի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության խորացման երկխոսությունը։
Ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք հանձնառությունը նոր ծրագրերի և նախագծերի միջոցով ապահովել տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակականությունը՝ երկկողմ համագործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի։