Դուշանբեում պայմանավորվածությունից հետո ես հույս ունեի շփման գծում լարվածության անկման. Փաշինյան
ՔաղաքականությունՑավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո կան արդեն առաջին զոհերը, իսկ ես իսկապես հույս ունեի, որ մեզ հաջողվել է նվազեցնել լարվածությունը: Այդ մասին Սանտկ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ շփման գծում Ադրբեջանի զինվորի զոհվելու մասին հարցին:
«Ինչ վերաբերում է զոհերին, ապա դուք ասեցիք զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի զոհվելու մասին: Մենք ստացել եւ ստուգել ենք այդ տեղեկատվությունը եւ ներկայացրել վերստուգված տեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ օրը հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել: Մենք ստուգել ենք այդ հատվածում ծառայող զինվորների մոտ եղած ամբողջ զենքը: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաստատել են դա: Մենք անգամ տեսանյութ ենք փոխանցել ադրբեջանական կողմին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որն ապացուցում է, որ զինավարժություններ անցկացնող ադրբեջանական Զինուժը կրակել է այն տարածքում, որտեղ զոհվել է ադրբեջանցի սպան: Սակայն, չնայած այդ ապացույցներին, հաջորդ օրը շփման գծում սպանվել է ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինծառայող: Ճշմարտությունն այդ է: Ցավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո կան արդեն առաջին զոհերը: Ես իսկապես հույս ունեի, որ մեզ կհաջողվի կրճատել լարվածությունը»,-ասել է Փաշինյանը: