Ղարաբաղի իշխանությունները չեն կարող միջամտել Հայաստանի գործերին. Փաշինյան
Ուշադրության կենտրոնումՈչ ոք չի կարող միջամտել Հայաստանի գործերին։ Այս մասին մայիսի 8-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Արցախի գործող եւ նախկին նախագահների երեկվա դիմումի հարցին՝ կարելի՞ է արդյոք դա համարել միջամտություն Հայաստանի գործերին եւ որքանո՞վ է դա անդրադառնում ազգային միասնության վրա, Փաշինյանն ասել է, որ քանի դեռ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչու զինվորներն ուտելիք չունեին, այն դեպքում, երբ նրա ընտանիքի անդամները միլիոններ ունեին, նա չի կարող միասնական լինել Սարգսյանի հետ։ «Կան բաներ, որոնք բացահայտ ասել չեմ կարող, բայց ներել էլ չեմ կարող։ Եթե միասնական լինեմ, ուրեմն՝ ընդունում եմ, որ իմ ընտանիքը նույնպես կարող է բիզնեսներ ունենալ։ Դա հանցագործություն է»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ եթե օրենքը դա թույլ է տալիս, անցումային արդարադատության տրամաբանությունը պետք է արգելի։
«Հայ ժողովուրդը հիմա ավելի միասնական է, քան երբեք։ Մինուս 4 (այդքան մարդ է անցնում գործի առանձնացված մասով՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գեւորգյան- խմբ.), 40, թե 100։ Դա նրանց խնդիրն է, քանի դեռ չեն վերադարձրել թալանածը։ Թալանողը թալանվածի հետ միասնական լինել չի կարող։ Բացառված է նման միասնությունը»,- ասել է Փաշինյանը։
Պատասխանելով Ստեփանակերտի միջամտության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. «Եվ ընդհանրապես, Երկիր մոլորակի վրա չկա ուժ, որը կարող է միջամտել Հայաստանի գործերին։ Երկրի իշխանություններն օգտվում են ժողովրդի վստահությունից։ Նման բան լինել չի կարող»։