ԱՄՆ-ում շինարարները գտել են 12 հազար տարեկան մաստոդոնտի աճյուն
ՄիջազգայինԱՄՆ Ինդիանա նահանգում շինարարները, որոնք հողը փորում էին կոլեկտորային ցանց անցկացնելու համար, հայտնաբերել են մաստոդոնտի աճյուն, որի տարիքը, գիտնականների կարծիքով, կազմում է 12 հազար տարի, հայտնում է UPI-ն:
«Երբ նրանք մեզ զանգահարեցին եւ ասացին, որ ոսկորներ են գտել, մտածեցինք, թե տնային կենդանիների ոսկորներ կլինեն: Մենք չէինք պատկերացնում, թե դա ինչ է, մինչեւ տեսանք այդ ոսկորների չափերը: Դա ուղղակի զարմանալի էր եւ ստիպում է մտածել այն մասին, թե շատ տարիներ առաջ այստեղ ինչպիսի շրջակա միջավայր է եղել»,- ասել է տարածքի ֆերմաներից մեկի սեփականատեր Տոնի Ներթը:
Բանվորները 7 ֆուտ խորությամբ գտել էին ստորին վերջույթների երկու ոսկոր, գանգի կտորներ եւ ժանիք:
Գիտնականների կարծիքով՝ աճյունը պատկանում է մաստոդոնտի 42-ամյա արուի:
Արժեքավոր գտածոն փոխանցվել է Ինդիանա նահանգի Պետական թանգարանին: