ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ. միջանկյալ լուծում է լինելու
ՔաղաքականությունԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը եւ Անուշ Բեղլոյանը հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր առավոտյան պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ հանդիպում ունեցանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ եւ քննարկեցինք ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչեւ նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար:
Պարոն Անանյանը նշեց, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, եւ այս ահազանգերը լրացուցիչ առիթ են արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ եւ պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ»: