Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց ոչ միայն օլիմպիական մարզաձևերի մեդալակիրներին, այլև Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվածներին
ՀասարակությունԱբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Օլիմպավանում տեղի ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանի՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը:
Քվեարկության կարգն այնպիսինն է, որ նախ յուրաքանչյուրը կարող էր հաղորդագրություններ ուղարկել իր նախընտրած մարզիկի օգտին, իսկ բուն պարգևատրման օրը քվեարկում են 23 հավատարմագրված լրագրողները:
Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ սույն կարգը այնքան էլ չի համապատասխանում սպորտային տրամաբանությանը, ինչպես նաև ամբողջությամբ չի արտացոլում իրերի իրական դասավորվածությունը:
Այնուամենայնիվ կա հաստատված կարգ և ըստ այդ կարգի էլ ՀԱՕԿ-ը ընտել էր Հայաստանի՝ տարվա լավագույն 10 մեդալակիր մարզիկների անունները՝ վերջիններիս ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի պարգևատրմանը: Հիշեցնեմ, որ այս տարի պարգևատրվելու էին միայն օլիմպիական մարզաձևերում աշխարհի չեմպիոնները, մեդալակիրները եւ Եվրոպայի չեմպիոնները:
Նրանց թվում էին, իհարկե, Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):
Սիմոն Մարտիրոսյանը, Մաքսիմ Մանուկյանը և ծանրամարտի Հայստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բնակարաններ ստացան Երեւանում, իսկ մյուս 4 մարզիկները ստացան Hyundai մակնիշի մեքենաներ:
Կարծում եմ նույնիսկ ավելորդ է նշել, թե ինչ հոգեբանական նշանակություն ունի այս փաստը մարզիկների համար՝ գնահատված լինելու և երախտագիտության տեսանկյունից: Վստահ եմ, որ մարզիկի համար լավագույն պարգևը սեփական երկրի դրոշը ամենաբարձրում ծածանելն է: Բայց միշտ էլ կա մեդալի հակառակ երեսը. մարզիկներին էլ իրենց հերթին է պետք գնահատել, ոգևորել և քաջալերել:
Արարողության ժամանակ առիթ ունեցանք ևս մեկ անգամ ականատեսը լինելու Գագիկ Ծառուկյանի սպորտային անկողմնակալությանը և մարզիկի հոգեբանությանը լավագույնս տիրապետելու նրա կարողությանը, երբ վերջինս հանձնարարեց պարգևներ հանձնել նաև ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին եւ Լև Սարգսյանին, հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին: Վերջիններս օլիմպիական մարզաձև չեն ներկայացնում, սակայն արժանացան պարգևի: Պարգևատրվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը:
Հաջողություններ մաղթենք մեր մարզիկներին հաջորդ տարում: Թող որ հայոց եռագույնը միշտ բարձունքում պահեն, և թող միշտ գնահատված լինեն ըստ արժանվույն, ինչպես որ դա գեղեցիկ ավանդույթի է վերածել Գագիկ Ծառուկյանը: