«Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն հաշված օրեր անց ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում Եփրատ գետի աջ ափին տեղակայված քրդական ուժերի դեմ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Չնշելով գործողության մեկնարկի հստակ ամսաթիվ՝ Էրդողանը խոստացել է, որ այն կսկսվի ընդամենը մի քանի օրից:
«Սիրիական Մանբիջը 95 տոկոսով բաղկացած է արաբներից, բայց այնտեղ վերահսկողություն են սահմանել ահաբեկչական խմբավորումները, որոնց մենք դուրս կհանենք: Մեր թիրախը ոչ թե ամերիկացի զինվորներն են, այլ այնտեղ գործող ահաբեկիչները», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ամերիկյան կողմը չապահովի քրդական զինված ջոկատների դուրսբերումը Մանբիջից, թուրքական ԶՈւ-ն կանցնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնը անընդունելի էր որակել Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Մանբիջում: