Արմեն Բադալյան. «Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն».

ԱԺ արտահերթ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ և լեգիտիմ էին: Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընդդիմություն, և բոլոր խորհրդարանական ուժերը լուրջ անելիքներ ունեն քաղաքական հետագա գործընթացներում: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Անցել է երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը»: Առաջին երկու ուժերը լիբերալ կուսակցություններն են, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը», չափավոր արևմտամետ քաղաքական ուժ է: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գերիշխում են անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, այսինքն՝ նրանք, որոնք մարդուն են քվեարկում: Իսկ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողները՝ այն ընտրողները, որոնք քաղաքական ծրագրերին և գաղափարախոսությանն են քվեարկում, նրանց մեջ գերիշխում է արևմտամետ ուղղվածությունը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը գնալով ավելի է ամրապնդվում: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» ձայները ծավալով քիչ են, բայց եթե գումարում ենք «Մենք դաշինքի» 2 տոկոսն ու «Սասնա ծռերի» գրեթե 2 տոկոս ձայները, ապա կարող ենք ասել, որ արևմտամետ ընտրազանգվածը բավականին ամրապնդվում է: Ի տարբերություն դրա, ռուսամետ ընտրազանգվածի շահերը ներկայացնող այդպես էլ չեղավ»,–ասաց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալ յանն առանձին–առանձին դիտարկեց ուժերին և նրանց գրանցած արդյունքները: ««Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ «Իմ քայլի» ձայները չեն: Սա պետք է հասկանալ: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մտածի «Իմ քայլը» դաշինքին քաղաքական կերպար հաղորդելու մասին, որովհետև իր վարկանիշը միշտ չէ, որ այդպես բարձր է մնալու: Վարկանիշը ժամանակի ընթացքում իջնելու է, և այդ իջեցումը պետք է փոխհատուցվի կուսակցությանը կամ դաշինքին գաղափարա–քաղաքական ուղղվածություն տալու միջոցով և այն բարձրացնելով: Հակառակ դեպքում՝ հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հատկապես մարզերում ազդեցություն ունի, բայց կուսակցությունը ռեբրենդինգի խնդիր ունի, այս ուժը ևս պետք է հետևություններ անի արդյունքներից:
«Թեև «Լուսավոր Հայաստանը» անցավ խորհրդարանական ընտրությունների նշաձողը, բայց քարոզարշավը բավականին սխալ իրականացրեց: Եթե գրագետ քարոզարշավ իրականացներ, միանշնակ երկրորդ տեղը վերցնում էր: Ոչ ճիշտ նախընտրական ռազմավարության արդյունքում իր ձայները իջեցրեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին. եթե ՀՀԿ–ականները կողմ քվեարկեին Ընտրական օրենսգրքի նախագծին, որտեղ անցողիկ շեմն իջեցվում էր, կանցնեին: Բայց դեմ քվեարկեցին միայն նրա համար, որ դեմ լինեն կառավարությանը, որևէ ռացիոնալ տրամաբանություն չկար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ՀՀԿ–ի ռազմավարությունը ճիշտ էր՝ ուրիշ ռազմավարություն այս պահին չէին կարող ունենալ:
«Եվ կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ բացառությամբ ՀԱԿ–ի, այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են գալիս, հետո շատ դժվարությամբ են մտնում ԱԺ: ՀՀԿ–ն արմատական ռեբրենդինգի պետք է ենթարկվի, թեև դրանից հետո ևս որևէ երաշխիք չկա, որ կարող է հայտնվել 5 տարի հետո ձևավորվելիք ԱԺ–ում»,–շեշտեց մեր զրուցակիցը
Քաղտեխնոլոգը տարօրինակ չի համարում ՀՅԴ–ի ստացած ձայները: «ՀՅԴ–ն ուներ կայուն ընտրազանգված, ուղղակի կայուն ընտրազանգվածի ծավալներն էին պակաս: Վերջին 20 տարվա ընթացքում ՀՅԴ–ն քայլ առ քայլ մաշեց իր կերպարը: Դադարեց գոյություն ունենալ որպես հայ դասական, սոցիալիստական կուսակցություն: Վերածվել էր ՀՀԿ–ի կցորդի և ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի շահերի ներկայացուցչի, ինչը չներվեց»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀՅԴ–ն իր կերպարը վերականգնելու ուղղությամբ չշարժվի, լուրջ խնդիր կունենա:
««Սասնա ծռերը» բավականին լավ մեկնարկային պայմաններ ունեին, աչքի էին ընկնում արմատական հեղափոխության հռետորաբանությամբ, «Հայ Դատ»–ական էին, Քուռ–արաքսյան հանրապետության ջատագովն էին: Բայց իրենց արմատականությունը քարոզարշավի կեսից միանգամից «նստեց». առաջ քաշեցին խորհրդարանը երկու տարի հետո լուծարելու գաղափարը, վարչապետի կողմից հակահարված ստացան և անմիջապես փափկեցին, բայց հեղափոխական ուժը չի կարող փափկել, երբ փափկում ես, դադարում ես լինել հեղափոխական ուժ: Քարոզարշավի կեսից ամեն ինչ արեցին՝ հեռանալու իրենց կերպարից»,– ասաց Ա. Բադալ յանը՝ շեշտելով, որ այս ուժը ևս բավականին լուրջ խնդիրներ ունի: