Աֆղանստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել «Թալիբան»-ի հետ
ՄիջազգայինԱֆղանստանի իշխանությունները պատրաստ են երկրում խաղաղության հաստատման հարցով առանց նախապայմանների բանակցություններ սկսել «Թալիբան» խմբավորման հետ:
Ինչպես նշում է rt.com-ը, այս մասին հայտնի է դարձել Մոսկվայում Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցով համաժողովի շրջանակում:
Աֆղանստանում Խաղաղության բարձրագույն խորհրդի մամուլի խոսնակ Էհսան Թահերին ընդգծել է, որ իրենք պատրաստ են քննարկել Սահմանադրությունը փոխելու հարցը:
Խոսնակը մանրամասնել է, որ թեև նախկինում պաշտոնական Քաբուլը «Թալիբան»-ից պահանջում էր վայր դնել զենքն ու հարգել Սահմանադրությունը, սակայն այժմ ուղիղ բանակցությունների առաջարկն արվում է առանց նախապայմանների:
«Այսօր մենք՝ կառավարությունն ու Խաղաղության բարձրագույն խորհուրդը, հայտարարում ենք, որ բանակցությունների համար նախապայմաններ չկան»,-ասել է Թահերին:
Աղբյուրը նկատում է, որ խաղաղության հաստատման հարցով երկար սպասված բանակցությունները կարող են սկսվել այս կամ հաջորդ տարի:
Հայտնի է, որ «Թալիբան»-ը պայքարում է երկրում ներկայիս կառավարությունը տապալելու և ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար: