Որտեղից դուրս են եկել, այնտեղ էլ պիտի գնան.
Մամուլ
Բանավեճերի կամ որևէ պայքարի ժամանակ ափերից դուրս են գալիս, հայհոյանքի ու սադրանքների դիմում են այն ժամանակ, երբ սպառվում են բոլոր փաստարկները: Երբ ուղղակի համոզիչ ասելիք չկա: Ընդհանրապես, հայհոյանքն ու ստորությունը պարտված մարդու գործիքներ են: Ոչ միայն տվյալ ժամանակահատվածում, կամ տվյալ պահին: Ընդհանրապես, ամբողջ կյանքում: Դա ուղղակի չկայացածության արդյունք է: Սրանում դեռ չե՞ք համոզվել, ուրեմն ավելի ուշադիր ուսումնասիրեք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Իսկ ավելի կոնկրետ՝ վարկանիշային թեկնածուների պայքարը: Ովքեր ասելիք ունեն, անցած ճանապարհ ունեն ու փորձ, ովքեր ունեն հեղինակություն, ներկայանում են դրանցով, ավելի հանդարտ են, հավասարակշռված: Ի տարբերություն նրանց ու ընդդեմ նրանց հանդես են գալիս ոմանք, որոնց ճանաչումը որպես կանոն սահմանափակվում է սեփական տան պատերի ներսում, լավագույն դեպքում՝ կողքի մի երկու հարևանները վրադիր: Քիչ չեն նրանք, որոնք մեծ ճանաչում ունեն, բայց այնպիսի, որ նույն այդ կողքի հարևանին անգամ բաց ճակատով չեն հանդիպի, առանց աչքերը փախցնելու փողոց դուրս չեն գա: Ուրեմն ի՞նչ պիտի անեն նմանները: Իրավացի եք՝ աջուձախ մրոտեն, վարկաբեկեն, հայհոյեն: Բայց դե, հուսանք՝ իսկապես իրավիճակ է փոխվել, ու այդպիսիններին մեր հասարակությունը կուղարկի այնտեղ, ուր Նիկոլ Փաշինյանն է ժամանակ առ ժամանակ ուղարկում՝ պատմության աղբանոցը: Թեպետ այս դեպքում դա էլ է շատ...