Էրդողանը մտահոգվել է, որ չնայած բոլոր ջանքերին չեն կարողանում թուրք երիտասարդներին «ստիպել» գիրք կարդալ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ նրանց չի հաջողվել «ստիպել» երիտասարդությանն ավելի շատ գիրք կարդալ, գրում է թուրքական diken.com կայքը:
«Չնայած բոլոր ջանքերին այս ոլորտում չհասանք մեր ձգտած մակարդակին», - ասել է նախագահը՝ փաստելով, որ գիրք կարդացող երիտասարդների տոկոսային ցուցանիշը Թուրքիայում իրենց համար ամոթալի է:
Էրդողանը նշել է, որ գիտական աշխատանքների քանակի առումով Թուրքիան նույնպես աշխարհում բավականին ցածր ցուցանիշ է գրանցում, ինչը տխրեցնող է իր համար:
«Բնակչության շրջանում գիրք կարդացողների քանակով Թուրքիան աշխարհում 86-րդն է: Մեր երիտասարդները օրվա առնվազն 6 ժամը ծախսում են հեռուստացույց դիտելով, ավելի քան 3 ժամ էլ անցկացնում են համացանցում: Այս ամենի կողքին գիրք կարդալու համար օրական ունենում են ընդամենը մի քանի րոպե, սա մեզ չի սազում», - ասել է Թուրքիայի նախագահը: