Հնդկաստանում «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի
ՄիջազգայինՀնդկաստանի հարավարևելյան Թամիլնադ նահանգ հասած «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Oneindia տեղեկատվական հարթակին:
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին:
Հնդկաստանի վարչապես Նարենդրա Մոդին խոստացել է տուժած նահանգին մեծ աջակցություն ցուցաբերել: Իշխանությունները գնահատում են ափամերձ տարածքներին հասցված վնասները:
Բենգալյան ծոցից եկող «Գաջա» ցիկլոնը նահանգին հարվածել էր ուրբաթ գիշերը՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ և ուժեղ քամի: Ափամերձ շրջաններից մոտ 80 հազար բնակիչ է տարհանվել, որոնք ապաստանել են ժամանակավոր ապաստարաններում:
Մինչև 120 կմ/ժ արագությամբ քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել տների տանիքները, որոշ տարածքներ հոսանքազրկվել են, զգալի չափով ափամերձ շրջաններ ջրի մեջ են հայտնվել:
Ցիկլոնը շարժվում է արևմտյան ուղղությամբ՝ կորցնելով ուժգնությունը: