Սաուդացի սպանված լրագրողի թուրք հարսնացուն հրաժարվել է այցելել Սպիտակ տուն
ՄիջազգայինՍտամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը չի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն այցելելու հրավերը, այս մասին գրում է «ՀաբերԹյուրքը»:
Ջենգիզն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ չի վստահում ԱՄՆ ղեկավարի անկեղծությանը, ըստ նրա՝ Թրամփը ցանկանում է այսպիսով իր օգտին շրջել հասարակական տրամադրությունները Խաշոգջիի սպանության հետ կապված:
«Ես չեմ գնա Սպիտակ տուն, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չէ Խաշոգջիի սպանության գործի հետ կապված իր գործողություններում», - հայտարարել է Ջենգիզը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: