Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի մասին
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր անհանգստությունն է հայտնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի դեպքի հետ կապված:
Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ նման միջադեպերն աշխարհում սովորական են դարձել:
«Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվել, ինչպես է կատարվել և ովքեր են կատարվածի պատասխանատուները»,- ասել է Գուտերեշը:
Սաուդացի լրագրողը, որը 2017-ից բնակվել է ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:
Նրան վերջին անգամ տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս:
Նշենք, որ թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:
Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պարզել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ կապված իրավիճակը և չի բացառում «խիստ պատժի» կիրառումը, եթե պարզվի, որ անհետացման հետևում կանգնած է Էր-Ռիադը։