50 Cent-ը գայթակղիչ առաջարկ է արել Նուրմագոմեդովին. Խաբիբի պատասխանը չի ուշացել
ՄիջազգայինՌեփեր Կյորտիս Ջեքսոնը, ով առավել հայտնի է 50 Cent կեղծանունով, Խաբիբ Նուրմագոմեդովին 2 միլիոն դոլար է առաջարկել՝ ամերիկյան Bellator-ում հանդես գալու համար:
Խառը մենամարտերի սիրահար ռեփերը նման առաջարկով գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում.
«Կարծում եմ՝ սխալ է այն, ինչ UFC-ն անում է Խաբիբի հետ: Միևնույն ժամանակ կառույցը նույն ձև չի վարվում Կոնորի հետ: Ես առձեռն 2 միլիոն դոլար կվճարեմ այսօր, եթե Խաբիբն ինձ համար մենամարտի Bellator-ում»,- գրել է 50 Cent-ը:
Խաբիբի պատասխանը չի ուշացել.
«Միայն ուղարկիր ինձ հանդիպման վայրը: Եթե դու ցանկանում ես տեսնել վայրը, որտեղ ծնվում են իսկական տղամարդիկ, արի Դաղստան: Երբ ես ժամանեմ ԱՄՆ, քեզ տեղյակ կպահեմ: Շնորհակալ եմ աջակցության համար, դու իսկական տղամարդ ես»,- 50 Cent-ի գրառմանը մեկնաբանություն է թողել Խաբիբը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50 Cent-ը պատրաստ է 1 միլիոն դոլար մրցանակային գումար վճարել Bellator-ի կիսաթեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթողին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին, սակայն մենամարտից հետո ծեծկռտուք է սարքել, ինչի պատճառով կարող է որակազրկվել:
Ավելի ուշ Խաբիբը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել մենամարտի համար իրեն հասանելիք մրցանակային գումարից և հեռանալ UFC-ից, եթե կառույցը պատժի նաև իր ընկերոջը՝ Զուբայրա Տուխուգովին, ով ևս ակտիվ մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին: