Հնդկաստանում 36 աշակերտուհու ծեծել են տղաների կողմից սեռական ոտնձգությունների դեմ բողոքելու համար
ՄիջազգայինՀնդկաստանի հյուսիս-արևելյան Բիհար նահանգում 36 աշակերտուհի է հոսպիտալացվել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աղջիկների վրա հարձակվել է դեռահաս տղաներից ու նրանց ծնողներից բաղկացած ամբոխը:
Հայտնի է, որ հարձակմանը նախորդել էր աղջիկների բողոքն առ այն, որ տղաներն իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ են թույլ տալիս:
Աշակերտուհիների զանգվածային ծեծի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է վեց տղայի և մեկ կնոջ:
Ականատեսների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ աղջիկները խմբով խաղալիս են եղել ու նրանց են մոտեցել դեռահաս տղաներ, կրկին անպարկեշտ առաջարկներ արել:
Աղջիկները վիճել են տղաների հետ, ինչից հետո նրանք նահանջել են ու 20 րոպեից վերադարձել ծնողների հետ՝ փայտյա ու երկաթյա ձողերով «զինված»:
Ծեծված աղջիկները մանրամասնել են, որ նույն տղաները մշտապես իրենց հետևից են ընկել, սեռական բնույթի ոտնձգություններ թույլ տվել, ինչի մասին նրանք բողոքել են տեղի իշխանություններին: