Բանկերն էլ չեն աշխատելո՞ւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին. <<Պռեսմեդիա>> -
Մամուլ<<Պռեսմեդիա>> -ն գրում է.
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում ընդունելու է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների հարցը, որը նախատեսում է կառավարությանը տալ լիազորություններ աշխատանքային օրերը տեղափոխել այն դեպքերում, երբ երկրի կյանքում առանձնահատուկ իրադարձություն է լինում: Նախագիծն ինքնին արտառոց չէ, գուցե նաև նորմալ, երբ գործադիրին նման լիազորություն է տրվում՝ մի բացառությամբ. օրենքի վերնագիրն էլ ըստ այդմ փոխելու կարիք կա: Սակայն շատ ավելի կարևոր է աշխատանքային օրերը փոխելու խնդիրը: Նախկինում այդ պրակտիկան գործում էր եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների համար: Սակայն այդ փոփոխությունները փաստացի վերաբերում են միայն մի փոքր հատվածին: Խանութներն այսպես թե այնպես աշխատում են, մասնավոր սեկտորի կազմակերպությունների զգալի մասն աշխատում է, սպասարկման ոլորտը աշխատում է, սննդի արդյունաբերությունը, հասկանալի է, չի կարող չաշխատել, իրավապահները, բուժաշխատողները աշխատում են: Արդյունքում ստացվում է, որ նման որոշումներն առաջին հերթին վերաբերում են կառավարությանը, նախարարություններին, ուսումնական հաստատություններին ու, ասենք, ևս մի քանի կազմակերպության: Դե, մեկ էլ, իհարկե, ամենացավոտ ոլորտին՝ բանկային համակարգին, որի չաշխատելը մի քանի (թեկուզ երկու) օր (ինչպես Ամանորի տոներին) կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, առաել ևս Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին, երբ հազարավոր օտարերկրացիներ են լինելու երկրում, ու հաստատ լուրջ չի լինի բանկերը փակել: Ենթադրվում է, որ կառավարությունը որոշում կկայացնի այս ոլորտի, հարկային ու մաքսային ոլորտների ու մի քանի այլ համակարգերի համար բացառություններ անել: