Ավստրալացի ծաղրանկարչին քննադատել են Սերենա Ուիլյամսի «ռասիստական» ծաղրանկարի համար
LifeԱվստրալացի ծաղրանկարիչ Մարկ Նայթը ներկայացրել է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի՝ US Open-ի (ԱՄՆ-ի բաց առաջնություն) կանանց մրցաշարում կրած սկանդալային պարտության թեմայով ծաղրանկարը, որը շատերի կողմից քննադատվել է ու «ռասիստական» որակվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Herald Sun-ի ծաղրանկարիչը հրաժարվել է ընդունել ռասիզմի թեմայով քննադատությունները՝ նշելով, որ աշխարհն ուղղակի խենթացել է:
«Ես նկարել եմ այն, ինչ տեսել եմ՝ աշխարհի լավագույն թենիսիստուհին որքան վատ իրեն պահեց: Դա ռասիզմի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Նայթը:
Ծաղրանկարիչը պատմել է, որ սկզբում փորձել է պատասխանել իրեն քննադատողներին, հետո հասկացել է, որ դա անիմաստ է, քանի որ մարդիկ չեն ցանկանում լսել:
Հիշեցնենք, որ US Open-ի եզրափակիչն առանց սկանդալների չի անցել: Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն է ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատոգլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել է միավորով ռակետը կոտրելու համար:
4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել է մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել է գեյմից: Դրանից հետո Ուիլյամսը խաղադաշտ է հրավիրել մրցաշարի գլխավոր մրցավարին և փորձել է բողոքարկել պատիժը, սակայն ապարդյուն: Ուշագրավ է, որ մրցավար Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացել է խաղադաշտից և չի մասնակցել պարգևատրման պաշտոնական արարողությանը: