Քաղաքական պարազիտիզմի ախտանշաններ
ՎերլուծությունԶինապարտության մասին օրենքում փոփոխությունն ինչպես ակնհայտ է դառնում, բոլորովին էլ Ելք խմբակցություն-Պաշտպանության նախարար առճակատման գլխավոր թեման չէր։ Չնայած խորհրդարանական խմբակցության կողմից այս փոփոխության մանրախնդիր քննադատությանը, օրինագիծն ընդունվեց՝ ինչպես և սպասվում էր, սակայն ինչպես կարող ենք տեսնել, առնվազն խմբակցության ղեկավարին օրինագիծն առանձնապես չի հուզում, այլ հուզում է հենց պաշտպանության նախարարի անձը կամ նրա ծառայած լինել չլինելը։
Դժվար է ասել, արդյոք խմբակցության ղեկավարը ուղղակի և անձնական խնդիր ունի Վիգեն Սարգսյանի հետ, թե այնուամենայնիվ այդ խնդիրը ոչ այնքան անձնական է, որքան ուղղորդված։ Փաստը սակայն այն է, որ Ելք խմբակցության ղեկավարի անգամ ֆեյսբուքյան գրառումները դուրս են գալիս քաղաքական ընդդիմության դիրքորոշման ենթադրելի սահմաններից։ Ելքն ընդհանրապես իր ամբողջ քննադատության ընթացքում, այդպես էլ չկարողացավ գտնել իրեն որպես քաղաքական ընդդիմություն և ներկայացում կազմակերպեց ծառայել է-չի ծառայել թեմայով։ Սակայն սա մի կողմ, պաշտպանության նախարարի հասցեին հնչող սարկաստիկ հայտարարույթյունները, գրառումներն ու տարատեսակ գեներացիաները՝ օրինակ նախկին ՊՆ Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան մելամաղձիկ գրառումների շրջանառությունը, բացահայտ տպավորություն են ստեղծում, որ ուղղակիորեն խնդիր է դրված հարվածել Վիգեն Սարգսյանին։
Արդյոք խորհրդարանական խնդդիմությունը Վիգեն Սարգսյանի կողմից ինչ-ինչ սպառնալիքներ է տեսնում, որոնց մասին չի ուզում հայտնել, թե այնուամենայնիվ ճշմարտացի են տարածվող այն պնդումները, թե որոշ ընդդիմադիրներ իշխանության վերին օղակների հետ ինչ-ինչ համաձայնությունների են եկել նույն իշխանության մեկ այլ օղակի դեմ։ Սա կարծես թե առավել քան տրաբանական է հնչում, քանի որ երբ քաղաքական ընդդիմությունը թիրախավորում է մեծ հաշվով ապաքաղաքական պոստում գտնվող նախարարի, ապա կամ այդ ընդդիմությունը խառնաշփոթ ինտրիգի մեջ է, կամ բացարձակ հասուն չէ, որպես քաղաքականության սուբյեկտ։
Ի դեպ երկու դեպքում էլ մենք գործ ունենք քաղաքական պարազիտիզմի վերածվող երևույթի հետ։
Ա․Մ․