«Ելքն» ավարտվեց
ՎերլուծությունԶինապարտության մասին օրենքն ընդունվեց։ Այսպես թե այնպես ընդունվելու էր, և այստեղ անակնկալ չկար։ Միակ անակնկալը թերևս Ելք խմբակցության կողմից հնչած տարօրինակ քննադատությունն էր։ Մեղմ ասած տարօրինակ, քանի որ քննադատության թիրախում, եթե ընդհանրապես կարղ ենք տեղի ունեցածը քննադատություն համարել, ոչ թե օրենք էր մեծ հաշվով, կամ օրենքի այս կամ այն կետը կամ էլ ընդհանրապես օրենքի հայեցակարգը, այլ Պաշտպանության նախարարի ծառայած լինել չլինելու հարցը։ Սա հարց էր, որտեղ ընդհանրապես որևէ հարց կամ խնդիր չկար, բայց կար ցեխշպրտոցի կազմակերպելու լավ առիթ։
Թե ինչ համար պետք է կազմակերպվեր այդ ցեխշպրտոցին և ում էր այն ձեռնտում կամ վերջապես ով էր պատվիրատուն, բոլորովին այլ թեմա է։ Չնայած այստեղ պետք է շեշտենք, որ ինչ շրջանակներ էին շահագրգիռ կողմեր այս ամբողջ թնջուկում և որ բոստանից ում բոստանն էին գնում քարերը։ Սակայն սա մի կողմ։
Այս ամբողջ ներկայացման մեջ ցավալին Ելքի դիրքն ու վարքագիծն էր, իսկապես ցավալի, քանի որ այս ուժն ուներ որոշակի ներուժ, կարող էր լինել կառուցողական՝ ոչ թե այս կամ այն օրենքի նկատմամբ կառուցողական, այլ իր բովանդակության և թող թույլ տրվի ասել իր գործունեության փիլիսոփայության մեջ։ Սակայն Ելքն այդպես էլ ոչինչ չհասկացավ կամ չուզեց հասկանալ իր ընդդիմությունը լինելը գտնելով միայն «չծառայածների բերած օրենքին մենք դեմ ենք» պարզունակ ու տղայական մակարդակի հայեցակարգի մեջ։
Սա արդեն սխալ էր, ինչպես կասեր Ժոզեֆ Ֆուշեն, սխալ, որի արդյունքները Ելքը դեռ շատ երկար է համտեսելու և այդպես էլ ուշքի չի գալու, քանի որ բռնել է ակնհայտ դեգրադացիայի տանող ուղին։ Այդ ուղին միայն պոպուլիզմը չէ, որը քաղաքականությունից, առավել ևս ընդդիմադիր քաղաքականությունից անբաժանելի է, այլ այն լղոզվածությունը, որը դառնում է նկարագիր։ Արդյոք անհատները կամ հենց կոնկրետ անհատներ են բերում այս իրավիճակին, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ Ելքը պարզապես ցույց տվեց, որ դեռևս չի հասունացել որպես քաղաքական ընդդիմություն, իսկ այս վարքագծով չի էլ հասունանալու, քանի որ քաղաքական ընդդիմությունը պարզապես չի կարող զինապարտության մասին օրենքում փոփոխության շուրջ դիրքորոշման բացակայությունը լցնել պաշտոնյային ուղղակի կամ անուղղակի կերպով թերթոնային մակարդակի մեղադրանքներով։ Սա արդեն դատավճիռ է։
Ա․Մ․