Դադարեցվել են Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները
Հասարակություն2024 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցվել են Սևանա լճից Հրազդան գետի հունով ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հունիսից մինչև սեպտեմբերի 18-ը Սևանա լճից Հրազդան գետի հունով ոռոգման նպատակներով բաց է թողնվել 131 մլն 38 հազար խմ ջուր։ Իսկ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 54 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 33 սմ նիշի դիմաց։
2024 թվականի հունվարից մինչ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 177 մլն 768 հազար խմ ջուր։
Առաջիկա օրերին Սևանա լիճ թափվող գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։