Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավը ձախողվել է
Վերլուծություն
Արցախում Աղդամից ռուսական հումանիտար բեռ ստանալու հանգամանքը հնարավորություն է տվել փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների, թե՛ Հայաստանում և, թե՛ Արցախում մեղադրանքների սլաքներն ուղղել, ոչ թե այդ որոշումը կայացրած նոր իշխանությունների, այլ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի և նրա համակարգող Ռուբեն Վարդանյանի դեմ՝ պատճառաբանելով, որ հենց իրենք են աջակցել Արցախում իշխանափոխությանը։
Այն, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս է արձանագրել Արայիկ Հարությունյանի ապիկարությունը և խնդիրներ լուծելու անակրողությունը, որևէ մեկին պետք չէ համոզել, դա ինքնին արդեն պարզ է, բայց Արցախի նոր իշխանությունների և նոր նախագահ Սամվել Շահրամանյանի քայլերի պատասխանատվությունը նախկին պետնախարարի վրա բարդելը առնվազն անարդարացի է և անլուրջ։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, նախկին պետնախարարը գոնե այդ Աղդամի ճանապարհի օգտագործման վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը չի փոխել։ Իհարկե, Արցախում օրեցօր իրավիճակը վատթարանում է և հնարավոր են անգամ օպերատիվ իրավիճակից կախված որոշակի փոփոխություններ քաղաքականության մեջ, բայց նույնիսկ այս դեպքում Ռուբեն Վարդանյանն արձանագրում է, որ Աղդամով որևէ բեռ՝ հատկապես ադրբեջանական, ստանալը կարմիր գծերի խախտում է։
Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների, որոնք որևէ կարմիր գիծ չունեն, Ռուբեն Վարդանյանը փաստացի մի քանի ուղղություններով նշում է իր կարմիր գծերը և մշտապես պայքարել է դրանք չխափանելու ուղղությամբ։ Իհարկե, այն, որ Արցախում գործող բազմաթիվ քաղաքական գործիչներից և ուժերից Նիկոլ Փաշինյանն առավելագույն վտանգը սպասում է հենց Ռուբեն Վարդանյանից, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ինքը՝ Վարդանյանն էլ, օրերս սրել է Փաշինյանի վախերը՝ նշելով, թե ամեն կերպ աջակցելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացին, դրանից հետո, բնականաբար, գործող իշխանությունները որևէ կեղծիքի առջև կանգ չէին առնելու՝ Արցախի նախկին պետնախարարին սևացնելու հարցում։
Աշոտ Գաբրիելյան