Ռուսաստանը թերագնահատում է սպառնալիքը
ՎերլուծությունActualnews.org-ը գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի փոխգործակցության շրջանակներում առանցքային խնդիրը կարող է լինել Հայաստանի «կործանումը»:
Համապատասխան կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը: Նա համոզմունք է հայտնել, որ նրանց գործողությունների նպատակը ոչ միայն Սյունիքի և Նախիջևանի միջով դեպի Թուրքիա ուղիղ կապ ստեղծելն է, այլ փաստացի «առավելագույն խնդիրը» Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, ընդ որում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունները չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները:
Միևնույն ժամանակ, Բաղդասարովի համար անհասկանալի է մնում, թե ինչու՞ Երևանը պատշաճ կերպով չի արձագանքում: Երկրի համար, որն ունի իր սեփական զինված ուժերը, «մեծագույն ամոթ» է թույլ տալ հարևան պետություններին ներխուժել իր տարածք: Քաղաքագետը այդ ամենում մատնանշում է Գլխավոր շտաբի ու պաշտպանական այլ կառույցների անգործությունը: Ոչ ոք չի էլ փորձում պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ռուսաստանը ևս թերագնահատում է սպառնալիքը, պնդում է Բաղդասարովը: Երկիրը Հարավային Կովկասում ներկա է արդեն 200 տարի, իսկ տարածաշրջանի կորուստը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի հարավի համար: Փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան իզուր է Թուրքիային ընկալում որպես իրավիճակային դաշնակից, քանի որ իրականում Անկարան «թշնամի» է:
Աննա Սիմոնյան
Pressmedia.am