Համավարակի ընթացքում լինում են բնական պիկեր և բնական նվազումներ
ՎերլուծությունՄենք տեսնում ենք, որ վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդացության դեմ կանխարգելիչ միջոցառումները շատ քիչ են պահպանում։ Օրինակ՝ մարդիկ ավելի քիչ են դիմակ կրում, քան նախկինում։ Բայց թվերը, կարծես թե նվազել են։ Վերջին շրջանում նաև պատվաստանյութերն են փորձարկվել և կիրառվել մի շարք երկրներում։ Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանի հետ։
— Պարոն Զաքարյան, չնայած նրան, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները այլևս ավելի քիչ են պահպանվում և մարդիկ գրեթե դիմակ չեն կրում, բայց թվերի էական նվաճում է նկատվում։ Ինչո՞վ է պայմանավորված դա։
— Դժվարանում եմ պատասխանել, որովհետև նվազելու պատճառները կարող է խիստ տարբեր լինել։ Բուն պատճառը կարող է լինել այն, որ հիմնական թիրախային խմբերը արդեն վարակվել են։ Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ ընդհանուր թեստերի քանակը արդեն նվազել է, ես վերջին շրջանում չեմ հետևել, թե օրական քանի թեստ է արվում, եթե պիկ ժամանակ օրը 3000-3500 թեստ էինք անում ապա հիմա ես չեմ հետևել վիճակագրությանը։ Հետո համավարակի ընթացքում լինում են բնական պիկեր և բնական նվազումներ։ Եթե ուշադիր լինեք, ապա կորոնավիրուսի տարածումը ալիքաձև է՝ աճում է, հետո նվազում է, նորից սկսում է աճել և այդպես շարունակ։ Եվ հնարավոր է, որ հիմա գտնվում ենք բնական նվազման փուլում։ Նվազման պատճառը կարող է տարբեր լինել և ոչ այնքան մարդկային գործոններից կախված։ Որոշ ժամանակ հետո հնարավոր է կտրուկ աճ նկատվի։
— Արդեն խոսվում է այն մասին, որ պատվաստանյութը կարող է փրկություն լինել այս հիվանդության դեպքում։ Մարդիկ կան՝ չեն վստահում պատվաստանյութին։ Առկա տեղեկատվությունն ի՞նչ է հուշում` Covid-ի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է արդյունավետ լինել։
— Բնականաբար արդյունավետ է, որովհետև բոլոր պատվաստանյութերը գրանցում են ստանում և դուրս են գալիս շուկա միայն կլինիկական փորձարկումների ժամանակ ստուգվելուց հետո։ Դա կլինի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, թե այլ վարակի դեմ, ամենևին նշանակություն չունի։ Այսինքն, պատվաստանյութի կլինիկական փորձարկումը երբ որ արվում է, արվում է երկու հիմնական նպատակով՝ առաջինը արդյունավետություն, երկրորդը՝ անվտանգություն։ Եթե պատվաստանյութը չունենա արդյունավետության և անվտանգության բավարար նորմ, ինքը երբեք շուկա դուրս չի գա։ Մենք ունենք պատվաստանյութեր, որոնց արդյունավետությունը 90 տոկոսից բարձր է։ Այսինքն, իրենք բավականին մեծ արդյունավետություն ունեցող պատվաստանյութեր են և, միևնույն ժամանակ, կլինիկական փորձարկումների տվյալները ցույց են տալիս, որ իրենք անվտանգ են։ Եվ այս երկու կարևոր կրիտերյաներին իրենք համապատասխանում են։
Աննա Սիմոնյան
Pressmedia.am