Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է ղարաբաղյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների թարմացված ցուցակը:
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2881 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ, նրանք մահացել են ղարաբաղյան վերջին պատերազմում, ինչպես նաև 28 զինծառայողների տվյալներ, որոնք համարվում են անհետ կորած: Աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Արցախյան կոնֆլիկտը սկսվել է 1988-ին։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով: 1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար: 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստել է Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»։
1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվել է հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև:
Նշենք, որ այս դեպքերին նախորդել է Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնն և զանգվածային տեղահանությունը, որը տեղի է ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։
Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
Ավելին՝ այստեղ