Արտահերթ ընտրությունները բավականին լավ տարբերակ է ներկայիս ճգնաժամային իրավիճակին քաղաքական հանգուցալուծում տալու համար
ՎերլուծությունՄարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ գործընթացների մասին: Ասաց, որ հոկտեմբերին Սահմանադրությունը հանրաքվեով պետք է փոխվի, իսկ մինչ այդ արտահերթ ընտրությունների գնալու կոչ արեց քաղաքական ուժերին:
— Պարոն Մեհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
— Ես կարծում եմ, որ բավականին լավ տարբերակ է քաղաքական հանգուցալուծում տալու ներկայիս ճգնաժամին և առաջ շարժվելու համար։ Տեսնենք՝ ինչպես կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, իսկ մյուս կողմից՝ ինչպիսի քայլեր կանեն իշխանության կողմից, որովհետև պետք է հասկանալ, որ գործընթացի պատասխանատուն և գլխավոր դերակատարն, այնուամենայնիվ, մնում է իշխանությունը։ Այնպես որ, ինչպես էլ որ արձագանքեն քաղաքական ուժերը իշխանությունն, այնուամենայնիվ, միշտ պահեստային տարբերակ պետք է ունենա և այդ տարբերակները գործի դնելու կարողություն։
— Իշխանությունը հանրահավաք էր անում Հանրապետության հրապարակում, ընդդիմությունը՝ Բաղրամյան պողոտայում: Դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում՝ հաշվի առնելով, որ Արտահերթ ընտրությունների գնալու Փաշինյանի առաջարկն ընդունելի չէ Բաղրամյանում հավաքված ընդդիմության համար։
— Իրարից խիստ տարբերվող գործընթացներ եք վկայակոչում, իրենք նույն հարթության վրա չեն գտնվում և չեն էլ կարող գտնվել բոլոր առումներով։ Ինչ կառաջարկի ընդդիմությունը, մեծ հաշվով ազդեցություն չի կարող ունենալ այս գործընթացի վրա։
— Վարչապետը հայտարարում է, որ ժողովուրդն է իրեն ընտրել, և ժողովուրդն էլ պետք է ընտրություններով ցույց տա՝ մերժում է իրենց, թե ոչ։
— Այո, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, այնպես, ինչպես ասենք բազմապատկման աղյուսակը, որովհետև այդ առումով Փաշինյանը ինչ ասաց ՝ դա ուղիղ տեքստով արտացոլված է սահմանադրությամբ։
Սոնա Գրիգորյան
Pressmedia.am