Արցախի ԱԳՆ-ն կտրուկ հայտարարություն տարածեց Շուշիի վերաբերյալ. ինչ փաստաթուղթ է ուղարկվել
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի եւ տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողը Ալիեւի այցն է Շուշի քաղաք, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ եւ հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։
Հուշագրում ասվում է նաեւ, որ այդ այցերի սադրիչ եւ հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին: «Ադրբեջանի նման ապակառուցողական եւ հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:
Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման եւ այդ տարածքներում պետականության ձեւավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլեւ տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:
Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ցանկացած օրենսդրական եւ վարչական գործողություններ՝ ներառյալ հողի եւ ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում եւ բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով եւ չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:
Ավելին՝ այստեղ