«Օրենքով գողեր» «Շահումյանցի Ժիրոյի» և «Պրոֆեսորի» քաղաքական սայթաքումը
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված բազմաքայլ կոմբինացիայի շնորհիվ ոչ միայն «թակարդում» են հայտնվել հերթական «օրենքով գողերը», այլև երկար ժամանակ Թուրքիայում ապաստանած և իր մտերիմ, ադրբեջանցի «օրենքով գող» «Գուլիի» սպանությունից հետո Հայաստան վերադարձած «Շահումյանցի Ժիրոն» հայտնվել է քրեական սկանդալի կենտրոնում։ Արտերկրում բնակվելու պատճառով հայկական իրականությունից կտրված «Շահումյանցի Ժիրոն», վերադառնալով Հայաստան, դեռևս նախկին «հովերով տարված» փորձել է իր մասին հիշեցնել և «դրվածք դնել» «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Սակայն նա հաշվի չի առել, որ Հայաստանում արդեն շատ բան է փոխվել․ Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն աչալուրջ են նման բոլոր զարգացումներին և անհապաղ ու համարժեք արձագանքում են ցանկացած այդպիսի միջամտությունների։ Տվյալ դեպքում ևս իրավապահները, ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը, սպասել են հետագա զարգացումներին՝ գործին խառնված քրեական աշխարհի ներկայացուցիչներին ի հայտ բերելու և առաջին իսկ պատեհ առիթով պատասխան հարված հասցնելու համար։ Առաջինը սայթաքել է հենց «Շահումյանցի Ժիրոն»՝ փորձելով քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկի միջոցով «զոն նայող» կարգել քաղաքական գործընթացներում ներգրավված «Կոնդեցի Պզեին», որը նոյեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ Ազգային ժողով ներխուժած և բարձրախոսով քաղաքական կոչեր հնչեցրած անձանցից է։ Քրեակատարողական հիմնարկում անհապաղ կանխվել է այդ գործընթացը, իսկ «օրենքով գողի» կողմից նման «թեկնածուի» առաջադրումը խիստ տարակուսանք է առաջացրել հենց քրեական աշխարհում, քանի որ դեռ թարմ են հիշողությունները, երբ 2016 թվականին «Սասնա ծռերին» պաշտպանելու և այդ եղանակով քաղաքական գործընթացներին ներգրավվելու համար մի շարք «օրենքով գողեր» անգամ «թագազրկվեցին»։ Հավանաբար հասկանալով իր կոպիտ «սայթաքումը» և նույնպիսի հետևանքների հավանականությունը՝ «Շահումյանցի Ժիրոն» փորձել է արդեն քողարկված իրականացնել իր ծրագիրը՝ այս անգամ էլ արտերկրում բնակվող վրացի «Պրոֆեսորի» միջոցով փորձելով «զոն նայող» կարգել վերջինիս հայրենակից «Գագային»։ Բայց Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն այս անգամ ևս չեն հապաղել ու արդեն դիմել են կտրուկ քայլերի։
Ավելին՝ այստեղ