Վաշինգտոնի նոր «օպերացիան» Հայաստանի համար. «Goodbye», Փաշինյա՞ն...
Ուշադրության կենտրոնում
Hayeli.am-ը գրում է.
Հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին հանդես է եկել ուղերձով, որում նշել է, թե ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։
Այնուհետև դեսպանն ասել է. «Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Ըստ դեսպանի՝ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ «Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»։
Դեսպանը վստահեցրել է, որ կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ «Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։
Հայ-ամերիկյան հարաբերություններում հստակ բարեփոխումներ մտցնելու ժամանակն է, այսպես են մտածում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում։
Կառույցի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը կարծում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի ղեկավարության շրջանում Նահանգներ-Հայաստան գործակցությունը նոր թափ կարող է ստանալ։ Ըստ «Ազատության», Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ու կոչ արել նրա վարչակազմին՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից հետո առաջացած առաջնահերթություններին, մասնավորապես, ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու հակամարտության ընթացքում «ԱՄՆ նախորդ վարչակազմի պասիվության ֆոնին», հանձնախումբն անհրաժեշտ է համարում «պատերազմական հանցագործությունների ու շարունակվող թշնամանքի համար պատասխանատվության ենթարկել Բաքվին ու Անկարային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
«Ժամանակն է, որ ամերիկյան կառավարությունն այս նոր վարչակազմի տակ, նոր Կոնգրեսի տակ ավելի ակտիվ ձևով մասնակցի՝ հզորացնելու Ամերիկայի և Հայաստանի հարաբերությունները, վստահեցնելու Արցախի անվտանգությունը և ըստ այդմ կառուցողական քայլեր անելու», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմից ակնկալում է 250 միլիոն դոլարի հրատապ մարդասիրական օգնություն՝ Հայաստանին ու Արցախին՝ հայ փախստականների վերադարձը Արցախ անվտանգ ու կայուն դարձնելու համար։ Հանձնախումբը կոչ է արել նաև կասեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունները, ինչպես նաև նոր սպառազինության արտահանումը Ադրբեջանին ու Թուրքիային։
Հայ դատի հանձնախմբի խոսնակն ասում է՝ ԱՄՆ վարչակազմը կարող է նաև գործուն աջակցություն ցուցաբերել գերիների վերադարձի հարցում։ «Բայդենի ղեկավարությունը կարող է կարևոր դեր խաղալ, թե՛ միջազգային Կարմիր խաչի գծով, թե՛ նաև ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահի միջոցով ավելի ակտիվ գործել, որ ռազմագերիները վերադարձվեն անմիջապես», - ասել է Չուլջյանը: Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում քրիստոնեական եկեղեցիների պահպանության խնդրին՝ կարևորելով ԱՄՆ-ի դերն այդ հարցում։
«Վերջին ամիսների ընթացքում ինչպես Ադրբեջանի կառավարությունը կհարձակվի մեր եկեղեցիների վրա, մեր հայկական մշակութային կոթողների վրա՝ իրենց գրաված հողերում, այստեղ ևս ամերիկյան կառավարությունը կարող է կարևոր դեր խաղալ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։ Հայ դատի հանձնախմբում ակնկալում են նաև ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը։
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021-ին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Ըստ lurer.com-ի՝ այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը:
«Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել: Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար: 2020-ին՝ 40 միլիոն դոլար: Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը»:
Ավելին՝ այստեղ