Մեղրիի միջանցքը նաև խնդիր է Իրանի ազգային անվտանգության համար
ՎերլուծությունՄենք գիտենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք ընդլայնվել են Իրան-Ադրբեջան համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Pressmedia.am կայքը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք այդ հարաբերությունները կարող են որևէ կերպ անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա։
— Պարոն Վարդանյան, գնալով սերտանում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Այս պայմաններում Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի և արդյո ՞ք այդ հարաբերությունների սերտացումը կխանգարի Հայաստանին:
— Իրականում Հայաստանը ոչ թե պետք է հետևի իրանա-ադրբեջանական կամ այլ երկրի հարաբերություններին, այլ պետք է հստակ գծի իր օրակարգերը, հստակ հայտարարի և այդ օրակարգերով շարժվի, իհարկե, որոշ չափով նաև հետևելով մեր թշնամի պետությանը։ Մենք պետք է ունենանք օրակարգ, որով կկարողանանք մեր խնդիրները առաջ տանել։
— Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ռուսաստան և Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Ի ՞նչ եք կարծում, ո ՞րն է Իրանի նպատակը։
— Իրանը այդ կերպ փորձելու է ստեղծված իրավիճակում հասկանալ իր շահերը։ Այս իրավիճակում իր համար ավելի ձեռնտու է տարբերակներ գտնել և առաջարկել իր տարբերակները։ Քանի որ այս իրադարձություններից հետո Իրանում հասկանում են, որ տարածաշրջանում իրենց դիրքերը զիջվել է Թուրքիային և Ռուսաստանին, չնայած այս պարագայում դեռ Ռուսաստանի թեման չի շոշափվում և դա Թուրքիան է նշում, և Իրանը լավ հասկանում է, որ Հարավային Կովկասում զիջել է Թուրքիային, քանի որ Թուրքիան ներկայումս այստեղ ունի մեծ ազդեցություն և փորձում է որոշակիորեն բալանսավորել թուրքական ազդեցությունը, որովհետև պանթուրքական այդ խաղերը, որը ձևավորվելու է Մեղրիի միջանցքի շնորհիվ՝ ոչ միայն Հայաստանի համար է վտանգավոր (Հայաստանի համար դա շատ վտանգավոր է), այլ նաև Իրանի ազգային անվտանգության համար է խնդիր և փորձելու են որոշ քայլեր ձեռնարկել դրա դեմ։
— Իսկ Իրանը այս հանդիպումների մեկնարկով կարո՞ղ է որևէ կերպ ազդեցություն ունենալ ԼՂ-ի հակամարտության խնդրի լուծման գործում։
— Ես օրակարգին ծանոթ չեմ, չգիտեմ, թե ինչ թեմաներ են քննարկելու և իրականում ամեն ինչ էլ կարող է լինել։ Հնարավոր է, որ Իրանը անդրադառնա Արցախին (ես գերադասում եմ Արցախ տերմինն օգտագործել), ամեն դեպքում ցանկացած հարց հնարավոր է քննարկել, և ըստ իս կքննարկեն։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե որտեղ կլինի այդ քննարկումը, քանի որ Զարիֆը գնալու է և Բաքու, Մոսկվա, այնուհետև գալու է Երևան և Թբիլիսի և հայտնի չէ, թե նա Արցախյան խնդրին որտեղ կանդրադառնա՝ Բաքվում, Մոսկվայում, թե Երևանում, չեմ կարծում Թբիլիսիում անդրադառնա Արցախյան հակամարտությանը, չնայած կարող է որոշ հայտարարություններ լինել և այստեղ կարևոր կլինի նաև, թե որտեղ անդրադարձ կկատարվի Արցախյան հակամարտությանը, որովհետև ինչքան հասկանում եմ՝ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններից այլևս Հայաստանը իրեն չի համարում Արցախի անվտանգության երաշխավոր։ Եվ դա փաստացիորեն շատ լավ հասկանում են նաև զինեգործ ընկերները։
Աննա Սիմոնյան