Հստակ հաշվարկներն անխուսափելի են
ՎերլուծությունՓաստացի մեր պետության կրած պարտությունից և ազգային նվաստացումից հետո «հաճելի» և «ոգևորիչ» բաներ խոսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարվածից և գնալ հետագա պարտությունների ճանապարհով: Նախևառաջ, պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտություն էր և նվաստացում, ինչը մեր այսօրվա իշխանությունը չի ընդունում, որովհետև, եթե ընդունի, հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք դեռևս նստած ձեր աթոռներին: Իսկ երկրորդ քայլը պետք է լինի՝ ընդունել դառը ճշմարտությունները՝ ճշմարտություններ, որոնք, անգամ, տհաճ է արտաբերել:
Մինչև 2020 թվականը, մինչև կորոնավիրուսը և պատերազմը, շատերն աշխարհում համոզված էին, որ ժողովրդավարությունը, ազատական արժեքները դավանող երկրները բոլոր պարագաներում առավելություններ ունեն բռնապետական, մարդու իրավունքները ճնշող պետությունների հանդեպ: Մեր այդ համոզմունքը հիմնված է այն «կանխավարկածի» վրա, որ մարդը, անհատը՝ իր ներաշխարհով, իր արժեքային համակարգով, իր հմտություններով բոլոր հարցերում ամենակարեւոր գործոնն է: Բայց այսօր այդ հավատն առնվազն սասանվել է, և պատճառը տեխնոլոգիաների զարգացումն է:
Նշենք ամենապրիմիտիվ օրինակ. տաքսու վարորդն, անշուշտ, ունի իր ներաշխարհը, բայց ձեզ՝ որպես ուղևորի, չի հետաքրքրում, թե ինչ ծխախոտ է նա ծխում, ինչ երաժշտություն է լսում և ինչ քաղաքական հայացքներ ունի՝ ձեզ պետք է, որ նա արագ և անվտանգ հասցնի ձեզ տնից աշխատավայր: Եվ եթե համակարգչով ղեկավարվող մեքենան առանց վարորդի ձեզ տեղ հասցնի ավելի անվտանգ, ավելի արագ և ավելի էժան, դուք, բնականաբար, կգերադասեք այդ տիպի փոխադրումը: Այստեղից հետևություն՝ եթե արդյունավետության առումով ներաշխարհը, հայացքները, ազատ կամքը՝ այն ամենը, ինչին ազատականները, հավատում են, պակաս կարևոր են, քան տեխնոլոգիաները, ուրեմն պետք է ևս մեկ անգամ մտածել, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում:
Հիմա այդ դատողությունները տեղափոխենք ռազմական ոլորտի վրա. մի՞թե նույն օրինաչափությունը չի գործում: Գուցե հենց այդ օրինաչափության պատճառով ոտից գլուխ կոռումպացված բռնապետ Էրդողանը իր համար բարենպաստ արդյունքների է հասնում տարածաշրջանում (նաև Արցախում), և այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը», որը ղեկավարվում է ազատական գաղափարներով, դրան ոչինչ չի կարող հակադրել:
Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, համոզված էր, որ եթե պատերազմ սկսվի, ապա մարդկանց, անհատների, ժողովրդի «դուխի» միջոցով հնարավոր է հաղթել և նոր տարածքներ գրավել՝ չնայած մասնագետները, այդ թվում ԶՈւ շտաբի պետը, նրան զգուշացնում էին, որ դա այդպես չէ: Այդ համոզմունքով պայմանավորված նա, ըստ էության, տապալեց բանակցությունները և անմիտ, խելահեղ հայտարարություններ էր անում: Ավելին՝ անգամ պատերազմի ընթացքում նրան թվում էր, թե ինչ-որ հրաշքով, «թասիբի եռալու» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել», ավելին՝ հաղթել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս՝ վերջին պատերազմը առավելապես տեխնոլոգիական էր, և աշխարհի հետ «դուխով խոսելու» համար պետք է ունենալ տեխնոլոգիաներ, որոնք եռակի, քառակի կգերազանցեն Թուրքիայի ունեցած տեխնոլոգիաները:
Վերջում ամենակարևորի մասին՝ պետք է հաշվի առնել, որ հաջորդ պատերազմը (որն, ըստ էության, անխուսափելի է) կլինի ավելի տեխնոլոգիական: Դրան պատրաստվելու համար մեզ պետք են սթափ՝ իրենց քթից և «մեսիական» ամբիցիաներից այն կողմ տեսնող լիդերներ:
Անի Ավագյան