Հիմնադրամի գումարների մասին հաշվետվությունը աուդիտից հետո կհրապարակվի
Ուշադրության կենտրոնում
«Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Pressmedia.am-ի հետ զրույցում մեկնաբանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, թե հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների մի մասը ուղղվել է կառավարության բյուջե, նշեց, որ պատերազմի ժամանակ դրամահավաք կազմակերելու միակ, վստահելի և փորձված հարթակը հիմնադրամի հաշիվն է եղել, ուստի, ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի կոչով կառավարություններին ուղղված գումարները փոխանցվել են հիմնադրամին, որից հետո ըստ անհրաժեշտության փոխանցվել են կառավարություններին: «Պատերազմի ընթացքում սոցիալական, առողջապահական և այլ հարցեր են լուծվել, որոնք իրականացվել են կառավարություններին ուղղված նվիրատվությունների հաշվին: Բացի այդ, Արցախի պետնախարարի խնդրանքով մենք բավականին գնումներ ենք կատարել ուղղակիորեն Արցախի համար: Պետք է հաշվի առնել նաև, որ առաջին իսկ օրից սկսվեց հումանիտար ճգնաժամ և խոսքը միայն առաջնագիծը պահելու մասին չէ: Եվ մինչ օրս այդ գնումները շարունակվում են, քանի որ Արցախ տեղափոխված անձինք դեռ շատ կարիքներ ունեն, տուն են կորցրել գույք և այլն: Եվ, քանի որ հիմնադրամի՝ գնումներ կազամակերպելու հնարավորությունները սահմանափակ են, հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց գնումների գումարը փոխանցել պետբյուջե, որպեսզի կառավարությունը կարողանա այդ հարցերով զբաղվել: Նշեմ նաև, որ այն գումարները, որոնք ուղղվել են կառավարություն հստակ պայմանագրերով և նպատակով են փոխանցվել: Կառավարության ծախսած գումարների հաշվետվությունները ստանալուց հետո մենք միջանկյալ աուդիտ կիրականացնենք և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատելուց հետո, այն կհրապարակենք»,- ասաց Հ. Արշամյանը: