Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան
Ուշադրության կենտրոնումԸստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Այ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելեւս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված. «Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանությանմեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա:
Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,-ընդգծեց Փաշինյանը: