Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել միջազգային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի Բունդեսթագի մի շարք պատգամավորներ Արցախում համոզվել են, թե ադրբեջանաթուրքական դաշինքն ինչ ավերածություններ է գործում քաղաքներում, խաղաղ բնակչությանը կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի առջև: Պատգամավորների համոզմամբ դա խոշորագույն հանցագործություն է մարդկության հանդեպ: Նրանք կոչ են արել աշխարհի խորհրդարաններին՝ ոչ միայն բարձրաձայն խոսել այդ մասին, այլև՝ գործել ու պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների ու նրանց զենք մատակարարողների նկատմամբ:
Գերմանացի պատգամավորները նշել են նաև, որ գերմանական մամուլը ճիշտ չի լուսաբանում Արցախում տեղի ունեցածը: Լայնթագի պատգամավոր Անդրեաս Քյոլիցի խոսքով, եթե պարզվի, որ Ադրբեջանն իրոք միջազգային վարձկան ահաբեկիչների է օգտագործել Արցախի դեմ պատերազմում, ապա Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկը։
Բունդեսթագի պատգամավորները մեծ հանցագործություն են որակել Թուրքիայի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունների հարցում և կոչ են արել միջազգային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Աննա Ավետյան