Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ուշադրության կենտրոնումՖրանսիական կողմի նախաձեռնությամբ` Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը: Առաջնորդները հակամարտող կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն և կրակի անհապաղ ու ամբողջական դադարեցում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Լուրջ մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կոչ են անում հակամարտող կողմերին կրակի անհապաղ և ամբողջական դադարեցում, լարվածության թուլացում և առավելագույն զսպվածության ցուցաբերում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի` քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծումը այլընտրանք չունի: