Ադրբեջանը գտնվում է տեղեկատվական բլոկադայի մեջ
Ուշադրության կենտրոնումPressmedia.am կայքը ադրբեջանական մամուլում տարածվող լուրերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Հարցին, թե որքանով է հաջողվում մեր մասնագետներին տեղեկություններ հավաքել ադրբեջանական կայքերից, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանը փակել է սոցցանցերի մեծ մասը, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց․«Կարող եմ նշել, որ այս օրերին շատ քիչ թվով հրապարակումներ են լինում, և, ընդհանուր առմամբ, կարծես Ադրբեջանը գտնվի տեղեկատվական բլոկադայի մեջ, և միայն տարածվում են քարոզչական նյութեր։Նրանք այդքանով բավարարվում են։ Այո , օրեր առաջ անկախ լրատվամիջոցների ամբողջ հրապարակումները խափանվել էին, իսկ այս պահին որոշակի գործում են, բայց բացի նրանից, ինչ տալիս են քարոզչական կայքերը, այլ ինֆորմացիա հնարավոր չէ առանձնապես հայթայթել, միայն սոցցանցերում հատուկենտ հրապարակումներ են և այն էլ twitter միկրոբլոգում, բայց ոչ մամուլի միջոցով»։
Անդրադառնալով ադրբեջանցի օգտատերերի զոհերի մասին հրապարակումներին և ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական տվյալներին` Տիկին Հայրապետյանը ասաց․«Կարծում եմ, որ մեզ մոտ հստակ աշխատանք է տարվում այդ հրապարակումների հիման վրա ցուցակ կազմելու։ Արդեն 4-րդ օրն է, որ ընթանում է պատերազմական գործողությունները և Ադրբեջանն այդպես էլ որևէ թիվ չի ներկայացրել սպանվածների և վիրավորների առնչությամբ, թեև երեկ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ուղերձում ցավակցել էր «շեհիդներ»-ին, բայց, այդուհանդերձ, իրենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն տարածում և այդ տեղեկատվությունը ստացվում է առանձին անհատների գրառումներից»։
Դիանա Դավթյան