Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել. պատգամավոր
Ուշադրության կենտրոնումՀայաստանի եզդիական համայնքը կանգնած է հայ ժողովրդի կողքին և ինքնակամ ցանկանում է պաշտպանել հայկական ընդհանուր սուրբ հողը: Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Մենք՝ եզդիներս ու հայերս, երկու ազգ ենք, բայց մի ժողովուրդ: Եզդիական համայնքը մշտապես կանգնած է եղել և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին: Այսօր էլ, ցավոք, վիրավորում են ստացել եզդի երկու զինվորներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության»,-ասաց Բաքոյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում եզդիական ջոկատ են ձևավորել, իսկ բազմաթիվ եզդիներ անգամ չեն սպասել ձևավորվող եզդիական ջոկատին և հիմա արդեն Արցախում են: «Պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ` պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը, ինչպես դա արեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել: Եվ մենք՝ եզդիներս, թույլ չենք, որ երբևէ այստեղ թշնամիներ հայտնվեն, մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով»,-ասել է պատգամավորը: