ժողովուրդը ունի հստակ դիրքորոշում՝ երբեք հնին չվերադառնալու
Վերլուծություն
Pressmedia.am կայքի զրուցակիցը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն է։
—Տիկին Հովսեփյան, վերջերս լուրեր են շրջանառվում, որ «Իմքայլը» խմբակցությունում կան տարաձայնություններ, ավելին, խոսվում է որոշ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին։ Կասեք՝ ի՞նչ է կատարվում ձեր խմբակցությունում։
— Կան որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ, որոնք միշտ էլ եղել են բոլոր խմբակցություններում։ Նորմալ գնացող ընթացք է, կան կարծիքներ, քննարկումներ, բանավեճեր, որոնք այսպես ասված քննարկվում են և հանգուցալուծումը թե ինչ ընթացք կստանա` հստակ ոչ ոք ասել չի կարող։
— Երեք ընդդիմադիր ուժեր հոկտեմբերի 8-ին հանրահավաք են անցկացնելու։ Նրանք ասում են, որ ժողովուրդը դժգոհ է և այդ դժգոհությունը բարձրաձայնելու են հրապարակի հարթակից։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը։
— Հայտարարողները ունեն բոլոր իրավունքները այդ հայտարարությունը տալու, որին ես հարգանքով եմ մոտենում, իրենց որոշումն է դա հայտարարելը։ Կարծում եմ, որ շատ շտապել պետք չի, հոկտեմբերի 8-ին հստակ կտեսնենք ժողովրդի դժգոհությունը, եթե կա։ Եթե չկա, ապա կրկին հստակ կտեսնենք և բովանդակային կհասկանանք, թե ինչ դժգոհության մասին է խոսքը։ Լինել թե չլինելու մասին է խոսքը, թե այլ է։ Ես, քանի որ չգիտեմ, չեմ կարող գնահատել կամ ասել` վայ, գիտեք, վախեցել ենք այդ դժգոհության ալիքից: Իրականում ես անընդհատ ժողովրդի մեջ կամ և անընդհատ լինում եմ ու գիտեմ, որ ժողովուրդը ունի հստակ դիրքորոշում` երբեք հնին չվերադառնալու, ինչը ցավով եմ ասում, որ իրենք չեն գիտակցել և չեն տեսնում, երկրորդը, ժողովուրդը շատ լավ տարբերում է բոլոր նախկին ուժերի հետ այսպես ասած կոալիցիա դարձած կուսակցություններին և ուժերին, և ժողովուրդը այդ մասին շատ հստակ ասում է։ Ես ցավով եմ ասում, որ իրենք չեն գիտակցում այս ամենը և ժողովրդի անունից հայտարարություն են տարածում։ Եվ երրորդը, պետք է ուղղակիորեն ոչ թե այսպես ասած` «Մեծ-մեծ խոսել», այլ պետք է մեկ-մեկ էլ շունչ քաշել և հասկանալ իրողությունները։ Այո, կան հարցեր որոնց հետ կապված ժողովուրդը կարող է դժգոհել, բայց միևնույն ժամանակ այդ հարցերի 99%-ը շատ սուբեկտիվ են, ինչո՞ւ, որովհետև ժողովրդի որոշ մասսաներ ակնկալում է, որ հենց հիմա պետք է լուծվի այս հարցը, որը շատ մեծ գումարների հետ է կապված, բայց պլանավորված է մեկ տարի հետո լուծելու, և երբ իրենց բացատրում ես դա, իրենք ամեն ինչ հասկանում են, այսինքն այն աշխատանքները, որոնք կատարվել են այս 2 տարիների ընթացքում, և 3 տարում չի արվել, ցույց ես տալիս, և մարդիկ գիտակցում են մասնավորապես ունեցած գումարի բազայով, և կատարած աշխատանքի կատարողականությունը շատ բարձր է և անհրաժեշտություն կա մատուցելու ժողովրդին։ Այդ նույն ժողովուրդը, որի անունից իրենք խոսում են, պատրաստ են այդ կատարած աշխատանքը տեսնելու և ոչ թե իրենց քաղաքական շահարկումները լսելու։
—Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, գո՞հ եք ձեր ընդդիմությունից և նրանց գոյությունը արդյոք ուժեղացնո՞ւմ է ձեզ։
— Ուժեղացնում է թե ոչ` դա չեմ կարող ասել, բայց այնքան էլ գոհ չեմ, որովհետև ես ակնկալում էի քաղաքական և ավելի արդյունավետ բանավեճ, բայց, ցավոք, այդ բանավեճերը միշտ չի, որ ստացվում են։
Կարինե Ստեփանյան