Ներտնային ծառայություններ իրականացնողները կարողանան գործունեություն ծավալել օրենքի շրջանակներում
ՀասարակությունՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 115 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել միկրոձեռներեցության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը:
«Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ` հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: Նախագծով առաջարկվում է այդ ցանկում ներառել լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարողներին, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի վերանորոգում և մոնտաժ իրականացնողներին, բանալիներ պատրաստողների, էլեկտրոնային ապրանքերի վերանորոգում իրականացնողների, մատնահարդարի, վարսահարդարի ներտնային ծառայություն իրականացնողների, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում իրականացնողների, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում իրականացնողների, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնողներին ևս ներառել այդ ցանկում»,- pressmedia.am-ի հետ զրույցում ասաց Մ. Մելքումյանը:
Աիդա Իվանյան