Այն ինչ նախկինում արել են՝ դուրս է երևակայությունից. Լևոն Շիրինյան
ՎերլուծությունՔաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով իշխանափոխությունից հետո թեև նոր իշխանություների երկրպագուների շարքերը նոսրացել են, սակայն դա ամենևին էլ չի ազդի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Հասարակությունն ինչ-որ տեղ հիասթափվել է հեղափոխությունից, քանի որ նախկին իշխանությունների օրոք երկրի թալանով զբաղված անձինք այդպես էլ իրենց արժանի պատիժը չեն ստանում, ինչը հասարակության շրջանում արդարացի բողոքի և նեղացվածության ալիք է առաջացնում: Եթե այսպես շարունակվի, ապա այն կարող է իշխանությունների վարկանիշի վրա ազդել, սակայն չի հանգեցնի, իր խոսքով՝ 5-րդ շարասյան հաղթանակին:
«Եթե ես լինեի իշխանություն, ապա նախկին իշխանություններին կա՛մ գնդակահարության կդատապարտեի, կա՛մ ցմահ բանտարկության, քանի որ այն, ինչ նախկինում արել են՝ դուրս է երևակայությունից: Սութլան Համիդն իր ենթակայության տակ եղած թուրքական նահանագների հետ այնպես չէր վերաբերվել, ինչպես նախկին իշխանություններն են վերաբերվել Հայաստանի հետ»,- pressmedia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Մարզեր կատարած այցերն ամփոփելով՝ Լ.Շիրինյանը հանգել է այն եզրակացության, որ քիչ չեն վերափոխված նախկին ՀՀԿ-ականները, որոնք շարունակում են մարզերում կարևորագույն պաշտոններ զբաղեցնել:Այս ամենը թույլ չի տալիս, որ երկիրում արագ տեղի ունենան բարեփոխումներ:
«Նախկին իշխանությունների հիմնական նպատակը գաղափարաքաղաքական, հոգեբանական դիվերսիան է, որի շրջանակներում վհատություն, պառակտում են փորձում տարածել, որը հաջողության չի կարող հասնել: Ու թեև թույլ կետեր են գտնում ու այդ ուղղություններով գրոհներ են կազմակերպում, բայց, միևնույն է, արդյունքի չեն կարողանալու հասնել: 30 տարի իրավական համակարգը վերածվել է կողոպուտի մեքենայի և այն վերացնելու համար հարկավոր է հեղափոխական քայլեր ձեռնարկել: Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա այն պետք է շարունակվի նաև մարզերում, որպեսզի հեղափոխության ալիքը կարողանանք համարել ավարտված»,- ասաց Լ. Շիրինյանը:
Մելինե Ոսկանյան