«Այսօր առավոտյան կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանում». Պուտին
Հասարակություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը խնդրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:
«Հուսով եմ, որ մենք մոտ ժամանակներս կկարողանանք զանգվածային արտադրություն սկսել, ահա թե ինչն է կարևոր` այս դեղամիջոցի զանգվածային արտադրությունը»,-ասել է ռուս առաջնորդը: